ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպվել է ուսումնական սեմինար-խորհրդակցություն
Համայնքներում 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով սույն թվականի փետրվարի 25-ին և 27-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կազմակերպվել է ուսումնական սեմինար-խորհրդակցություն։
Սեմինարի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության համայնքային բյուջեների բաժնի պետ Լորիս Մուրադյանը գործընթացին մասնակից 52 համայնքների ներկայացուցիչներին ներկայացրել է մասնակցային բյուջետավորման ընթացակարգային փոփոխությունները, ինչպես նաև լիազոր մարմնին ներկայացվող՝ ծրագրերի իրականացմանն ուղղված սուբվենցիայի հայտի մշակման առանձնահատկությունները։
Գործընթացի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով տեղի են ունեցել բովանդակային քննարկումներ, տրվել են մասնագիտական խորհրդատվություններ և ընդգծվել է համայնքներում արդյունավետ, ներառական ու կառուցողական քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը՝ որպես մասնակցային բյուջետավորման հաջող իրականացման կարևոր նախապայման։
Մասնակցային բյուջետավորման ներդրումը նպաստում է տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վստահության և բնակիչների քաղաքացիական պատասխանատվության բարձրացմանը, ինչպես նաև մասնակցային կառավարման մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը։

