Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը պանելային քննարկման է մասնակցել
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է պանելային քննարկման, որը կրում էր «Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի փոխկապակցվածության ապահովման համապարփակ օրակարգ» խորագիրը։
Պանելային քննարկման ժամանակ նախարարը պատասխանել է հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին վերաբացված Հարավային Կովկասում Հայաստանի պատկերացումներին և ռազմավարական առաջնահերթություններին։
Խուդաթյանն ընդգծել է, որ Հայաստանի Կառավարության ռազմավարական առաջնահերթություններն են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ամբողջական իրականացումը՝ այդ թվում TRIPP երթուղու գործարկումը։ Հայաստանը, առաջ քաշելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, նպատակ է հետապնդում ապահովել տրանսպորտային կապակցվածությունը Հյուսիս–Հարավ և Արևելք–Արևմուտք ուղղություններով։ Այս ծրագրի իրականացումը կնպաստի տարածաշրջանային առևտրի խթանմանը, ինչպես նաև կնպաստի Միջին միջանցքի թողունակության ընդլայնմանը՝ ստեղծելով լրացուցիչ երթուղիներ, որոնք կանցնեն Հայաստանով։
Պանելային քննարկմանը մասնակցում էին նաև Ուզբեկստանի տրանսպորտի նախարար Իլհոմ Մախկամովը, Ֆրանսիայի տրանսպորտի նախարար, միջազգային ֆինանսական ինստիտուտի ներկայացուցիչ Ֆիլիպ Տաբարոն, Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը, Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը։




