GIZ-ի կողմից ՀՀ 16 համայնքի տրամադրվել են աստիճանամագլցիչներ
Այսօր Գերմանական միջազգային գործակալության ընկերությունը (#GIZ) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել էր համատեղ միջոցառում։
«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում», «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում», ինչպես նաև «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» ծրագրերի շրջանակներում ՀՀ 16 համայնքներ տրամադրվեցին աստիճանամագլցիչներ։
Նախաձեռնության նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ծառայությունների մատչելիության, խտրականությունից զերծ սպասարկման և սոցիալական ներառման գաղափարների տարածման խթանումը տեղական մակարդակում:
Ծրագրերի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել համայնքապետարանների և առնչվող կառույցների աշխատակիցների վերապատրաստում սարքավորումների արդյունավետ շահագործման, հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական և մարդակենտրոն ծառայությունների մատուցման հմտությունների զարգացման նպատակով:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը՝ ընդգծելով նման ծրագրերի կարևորությունը, որոնք ուղղված են համայնքներում ծառայությունների մատչելիության բարելավմանը և ներառական կառավարման ամրապնդմանը։
ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն իր հերթին կարևորել է խոցելի խմբերի ձայնը լսելի դարձնելուն միտված քաղաքականությունը ու ծրագրերի իրագործումը։







